Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ո՞րն է թերզարգացած երեխայի երամը

Ո՞րն է թերզարգացած երեխայի երամը
15.09.2009 | 00:00

ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Յուրաքանչյուր երեխայի իրավունք սրբազան իրավունք է, առավել ևս, հարցը բարոյական դաշտում է, երբ խոսքը վերաբերում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին»,- այսպես ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով վերջին շրջանում հատուկ դպրոցներին վերաբերող հրապարակումներին։ Նա կոչ արեց հասարակական կազմակերպություններին, որոնք այս ոլորտում գործունեության փորձ ունեն, աջակցել նախարարությանը ոլորտը վերահսկելու գործում։ «Նախարարության մարդկային ռեսուրսները չեն բավարարում հատուկ դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար: Սա է պատճառը, որ հաճախ այս ոլորտում առկա խնդիրներին նախարարությունը տեղեկանում է լրատվամիջոցների հրապարակումներից»,- ասաց ԿԳ նախարարը։
Նշենք, որ հատուկ կրթության համակարգը ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգը: Նման երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով հանրապետությունում գործում են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ (երկարօրյա և գիշերօթիկ ռեժիմով), որոնք իրականացնում են հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր:
Ներկայումս ՀՀ կրթության և գիտության համակարգում գործում են 28 հատուկ դպրոց և մեկ բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն: Հատուկ դպրոցները տարբեր ենթակայություն ունեն. դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ու կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ են։
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցում սովորում է մտավոր թերզարգացած 106 երեխա՝ սկսած 6 տարեկանից։ Այստեղ կրթություն են ստանում հանրապետության բոլոր մարզերի երեխաները։ Իննամյա կրթության ընթացքում թիվ 2 օժանդակ դպրոցի աշակերտների համար, ըստ կրթական ծրագրի, ապահովվում է հանրակրթական դպրոցի 4-5-րդ դասարանի ուսումնական մակարդակը։ Տրվում են տարրական գիտելիքներ։ Ինչպես նշում է հատուկ դպրոցի տնօրեն Համլետ Ղազարյանը, երեխաները սովորում են այնքան, որքան կարողանում են. «Հիմնական շեշտն այստեղ դրվում է երեխաներին մասնագիտական հմտություններ սովորեցնելու վրա։ Տրվում են ունակություններ՝ շրջապատին հարմարվելու, սոցիալական կողմնորոշման համար։ Երեխաներին սովորեցում ենք ապրել, ապրել ինքնուրույն, առանց ծնողների, հասարակությանը չվնասելով և ուժերի ներածին չափով օգնելով մարդկանց»։
Թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցում սովորող երեխաների 80 տոկոսը ժառանգական հիվանդություն ունի, խոսքը մտավոր թերզարգացման մասին է։ Կան դաունիզմով, աուտիզմով տառապող երեխաներ, որոնք հիմնականում սոցիալապես ամենաաղքատ ու անապահով շերտն են ներկայացնում։
Ըստ Հ. Ղազարյանի՝ դպրոցին հատկացվող ֆինանսները բավարարում են նվազագույն ծախսերը հոգալու համար։ «Մենք դուրս ենք եկել 1990-ականների մութ ու դժվար տարիներից։ Բայց կյանքն առաջ է ընթանում, և մենք էլ ենք ցանկանում հասնել այդ առաջընթացին։ Դպրոցում որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարված են։ Տարեցտարի զգացվում էր դրական տեղաշարժը, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամը բավականին բացասական դեր խաղաց. բարձրացան գներն ու թանկացան ծառայությունները։ Եվ այս իրավիճակում մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել»,- ասում է Հ. Ղազարյանը։
Այսօր շատ է խոսվում հատուկ դպրոցներում կատարվող ապօրինությունների մասին (թերի ուսուցում, անառողջ մթնոլորտ, երեխաների շահագործում, բռնություն)։ Եվ լուծման եղանակներից է համարվում գիշերօթիկ դպրոցների փակումն ու ներառական կրթության համակարգի ընդլայնումը։ Նշենք, որ հանրապետությունում արդեն 49 հանրակրթական դպրոց իրականացնում է այդ ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 900 աշակերտ:
Ըստ Երևանի մտավոր թերզարգացած երեխաների թիվ 2 հատուկ դպրոցի տնօրենի՝ ներառական կրթությունը բավականին դրական կողմեր ունի, սակայն այն մեր կրթական համակարգ ներմուծելու համար անհրաժեշտ է նախապատրաստվել. «Նախ և առաջ հասարակությունն ինքը պետք է գիտակցի, որ իր մեջ կա մի խավ, որը պահանջում է հատուկ մոտեցում։ Դպրոցը պետք է պատրաստ լինի հոգեպես, որպեսզի այս երեխաներն իրենց մեկուսացված չզգան։ Հակառակ դեպքում նրանք ճամպրուկի նման մի դասարանից կտեղափոխվեն մյուս դասարան և կրթական գործընթացից դուրս մնալու պատճառով կսկսեն ձանձրանալ դասերից, ինչը կհանգեցնի բացակայությունների։ Իսկ փողոցը հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին շատ շուտ է կլանում։ Նրանք կամաց-կամաց սկսում են զանցանքներ կատարել, հետագայում այդ զանցանքները մեծանալով դառնում են հանցանքներ, որոնք վնասում են և՛ իրենց, և՛ հասարակությանը։ Մեզ թելադրում են ներառական կրթություն։ Շատ լավ է, բայց պետք է պատրաստ լինենք դրան, որպեսզի օգնենք, ոչ թե վնասենք այս երեխաներին։ Ամեն թռչուն իր երամով է թռչում։ Սովորական դպրոցում սովորող աշակերտների երամը մի քիչ արագ է թռչում։ Հատուկ դպրոցների աշակերտները չեն կարող հասնել նրանց։ Եվ եթե ցանկանում ենք օգնել այս երեխաներին, ապա ամենամեծ օգնությունը նրանց չվնասելն է։ Բոլորս գիտակցում ենք, որ այս երեխաները չեն դառնալու գիտնականներ, մեծ հմտությունների ու կարողությունների տեր մարդիկ։ Բայց նրանք դառնալու են այն մասնագետները, որոնց աշխատանքն այսօր մեզ խիստ անհրաժեշտ է։ Նրանք կատարում են այն աշխատանքը, որ մեզանից շատերը կարող են իրենց թույլ չտալ։ Նրանք շատ բան չեն պահանջում հասարակությունից, ընդամենը մարդկային վերաբերմունք»։
Ինչ վերաբերում է կադրերին, ապա ըստ տնօրենի՝ վերջին 15 տարիների ընթացքում այս հարցում բավականին դրական փոփոխություններ կան, քանի որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բացվել են բաժիններ, որոնք պատրաստում են հատուկ կրթության մասնագետներ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3196

Մեկնաբանություններ